Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

Galeria zdjęć

32153019_2338166002863874_3443224338596102144_n.jpg

"Երաժշտության Գանձեր - Հայաստան"

"Երաժշտության Գանձեր - Հայաստան" Լեհաստանի "Խուրտովնիա հիմնադրամի" և Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ կողմից իրականացվող հեղինակային "Երաժշտության գանձեր - Հայաստան" առաջին միջազգային երգչախմբային ձայնասկավառակն այլևս լույս է տեսել. վերջինս հայ երգչախմբային ստեղծագործությունների հավաքական ժողովածու է, որում ընդգրկված են 5 երկրների՝ Հայաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից և Մոլդովայից, ընդհանուր թվով 14 երգչախմբերի հայ՝ տարբեր ժամանակաշրջանների և ժանրի խմբերգերի 26 ձայնագրություններ: Ծրագրի նպատակն է հայ երգչախմբային արվեստը հասու դարձնել աշխարհին նաև կրթական գործընթացի միջոցով, քանի որ ծրագրին մասնացել են ոչ միայն հայ, այլ նաև՝ օտարազգի երգչախմբեր: Նմանօրինակ ծրագրերը նպաստում են օտարազգի, ինչպես նաև՝ հայ երգչախմբերի կողմից հայ երգչախմբային արվեստի երկարատև ուսումնասիրությունների խթանմանը, որով ճանաչումն ու հանրայնացումն առավել մնայուն և շարունակական գործընթացի է վերածվում: "-Ուրախ ենք, որ Երաժշտության գանձեր- Հայաստան երգչախմբային նախագիծն այլևս իրականություն է, որն ունի հեռանկար միավորելու ազգերին՝ խաղաղության խորհրդով, ուսումնասիրելով և սփռելով աշխարհում հայ երգչախմբային՝ ինչպես ժողովրդական, հոգևոր, նաև՝ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու մշակումների փայլուն նմուշները" Քրիստինե Շերոյան ՀԵԴԱ Նախագահ ===== Լեհաստանում ապրիլի 1-ին կայացավ ծրագրի և ձայնասկավառակի շնորհանդեսը, որից հետո՝ ծրագրի հեղինակներ Յուստինա Դյումայի (Խուրտովնիա հիմնադրամի Նախագահ) և Քրիստինե Շերոյանի (ՀԵԴԱ Նախագահ) կողմից հրատարակված ձայնասկավառակները, որպես նվեր ուղարկվեցին մասնակից երգչախմբերին, իսկ երգչախմբերին և դիրիժորներին անվանական շնորհակալագրեր ստորագրվեցին: Ծրագրին մասնակցել են՝ Հայաստանից 9 երգչախումբ 1.Ավե Մարիա իգական երգչախումբը 2. Կոմիտաս իգական երգչախումբը 3. Արար իգական երգչախումբ 4. Տավուշի Թեմի Մանկապատանեկան երգչախումբը 5. Արահետ երգչախումբը 6. Խազեր երգչախումբը 7. Արտ վոկալ անսամբլը 8. Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը 9. Փարոս երգչախումբը Գերմանիայից՝ 1.Շողեր իգական երգչախումբը Լեհաստանից 1.Կլաստեր երգչախումբ /ք. Զաբժե/ 2. Լեգ Արտիս երգչախումբ / ք. Կրակով/ Ուկրաինայից՝ 1.Օդեսսայում Ստոլյառսկու անվան երաժշտական դպրոցի երգչախումբ Մոլդովայից 1.Ռապսոդիա երգչախումբ Երևանում շուտով կկայանա համերգ-շնորհանդեսը հայ հանդիսատեսի համար...

Khaos.php5

Միջազգային Սեմինարներ Երգչախմբային Դիրիժորների համար 2015

Մայիսի մեկին Երևանում մեկնարկեց «Միջազգային սեմինարներ երգչախմբային դիրիժորների և տնօրենների համար» նախագիծը, որն իրականացնում է լեհական Chórtownia հիմնադրամը: Միջոցառման ժամանակ ներկայացվեց Chórtownia Երգչախմբային կայքը, որը հանդիսանում է հարթակ՝ մեկտեղելու տարբեր երկրների երգչախմբերի մասին տեղեկատվությունը: Սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկացան The Sound of Europe II նախագծի մասին, Հայաստանի մասնակցության և յուրահատուկ ուշադրության մասին Այս առիթով «Մեդիա կենտրոն»-ի տաղավարում ապրիլի 30-ին հյուրընկալվել էին «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ Նախագահ Գայանե Բաղդասարյանը, «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Քրիստինե Շերոյանը, Chórtownia հիմնադրամի նախագահ Յուստինա Դյուման, Մոլդովայի Գլիվիցե քաղաքի երաժշտական թատրոնի և օպերայի դիրիժոր, «Ռապսոդիա» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Նատալյա Բարաբանշիկովան, Լեհաստանի Կոտովիցե քաղաքի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սիլեսկի համալսարանի Ակադեմիական Երաժշտական Անսամբլի գեղարվեստական ղեղավար՝ Քրիստինա Կրժիժանովսկա-Լոբոդան և Chórtownia հիմնադրամի տնօրեն Ջերզի Վոզնիակը: «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ն, ինչպես նշում է կազմակերպության նախագահ Գայանե Բաղդասարյանը, կաևորում է հայկական երգչախմբերի համագործակցությունը արտասահմանյան կազմակերպությունների հետ: «Մեր երգչախմբային արվեստը, համագործակցելով արտասահմանյան կառույցների հետ, նոր դպրոց է ներմուծում Հայաստան, որով կարող ենք նաև ներկայանալ աշխարհին: Այս սեմինարի շրջանակներում Երևանում կանցկացվեն շնորհանդեսներ և վարպետաց դասընթացներ, որին հրավիրում ենք մասնակցել բոլոր նրանց, որվքեր հետաքրքրված են», - տեղեկացրեց Բաղդասարյանը: Միևնույն ժամանակ նա կարևորեց The Sound of Europe II նախագծը, որի շրջանակում թողարկվել է ձայներիզ և տարածվել տարբեր երկրներում: «Հայաստանի նկատմամբ ցուցաբերվել է հատուկ մոտեցում և մեր երկիրը ձայներիզում ներկայացված է չորս երգչախմբերի կատարումներով», - նշեց «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ նախագահը: Հայաստանում կարևորում են նաև Երգչախմբային կայքը, որը հանդիսանում է տարբեր երկրների երգչախմբերի, ինչպես նաև նրանց միջոցառումների մասին տեղեկատվության մեկտեղման հարթակ: «Կայքը մեկ տարի առաջ է ստեղծվել: Մեր գլխավոր նպատակն է միավորել երգչախմբային արվեստը, որպեսզի մարդիկ շփվեն միմյանց հետ, ճանաչեն միմյանց մշակույթները, հանդիպեն մշակութային դաշտում: Կարելի է ասել, որ սա նաև տեղեկատավական բազա է», - նշեց Chórtownia ֆոնդի նախագահ Յուստինա Դյուման: Կայքում արդեն գրանցված են ավելի քան 800 երգչախումբ Հայաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելոռուսից, Ռուսաստանից և այլ երկրներից: Նրանք կարող են գտնել գործընկերներ, հայտարարել համերգների կամ փառատոնների մասին: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Chórtownia հիմնադրամի ներկայացուցիչները բացատրում են հայկական մշակույթի հարստությամբ և երգչախմբային արվեստի զարգացման համար տեսանելի ներուժով: «Մենք շատ հետաքրքված ենք Հայաստանով: Այն շատ հետաքրքիր երկիր է հատկապես լեհերի համար: Մեզ համար այցը Հայաստան նաև հնարավորություն է գալ և ճանաչել ձեր մշակույթը, որն ամենահին մշակույթներից մեկն է», - պարզաբանեց Յուստինա Դյուման՝ հավելելով, որ հայկական կողմի հետ արդեն իսկ ուրվագծվում են ապագային միտված համագործակցության նոր հեռանկարներ: Մոլդովայի «Ռապսոդիա» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Նատալյա Բարաբանշիկովան հավելեց, որ ցանկությունը մեծ է Հայաստանի երգչախմբերին տեսնել միջազգային հարթակներում: «Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է և երբեք այս միջազգային փառատոնին ներգրավված չի եղել: Մեզ համար միևնունն է սիրողական երգչախմբեր են, թե պրոֆեսիոնալ: Մենք շատ ենք ցանկանում Հայաստանին նույնպես հրավիրել», - ասաց բանախոսը: Լեհաստանի Կոտովիցե քաղաքի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սիլեսկի համալսարանի Ակադեմիական Երաժշտական Անսամբլի գեղարվեստական ղեղավար՝ Քրիստինա Կրժիժանովսկա-Լոբոդան իր այցը Հայաստան համարում է առաջին քայլը՝ ծանոթանալու հայաստանյան երգչախմբային դիրիժորների հետ: «Սա հնարավորություն է ծանոթանալու առաջին հերթին երգչախմբային դիրիժորների հետ և լսելու նրանց: Ես էլ ունեմ սիրողական երգչախումբ», - հավելեց նա: Chórtownia հիմնադրամի հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ, նշում է «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Քրիստինե Շերոյանը, եղել է շատ վաղուց: «Բավականին երկար ժամանակ է, ինչ նախագծվում էր այս այցը: Այսօրվա միջոցառումների շարքը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հիմնադրամը կարևորեց, որ ձայներիզում Հայաստանից ավելի շատ երգչախմբեր ներկայացված լինեն: Վեց այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Բուլղարիան, Լեհաստանն ու Հունգարիան, Հայաստանը ներկայացնում է երգչախմբային հանրությանը մեր բազմաշերտ պատմությունը», - պարզաբանեց նա: Երևանում անցկացվելիք վարպետաց դասերը, ըստ Շերոյանի, շատ կարևոր են Հայաստանի հատկապես մարզերի երգչախմբային դիրիժորների համար՝ փորձի փոխանակման տեսանկյունից: «Հենց այդ պատճառով մենք քաջալերում ենք բոլորին մասնակցել վարպետաց դասընթացներին և կայքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի մեկին՝ ժամը 10:00-ին Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում», - եզրափակեց նա:

14606404_574118929438050_2337902260148384678_n.jpg

Երաժշտության Գանձարան - Հայաստան 2016

<< Երաժշտության գանձարան - Հայաստան >> նոր նախագծի հայտարարություն. Հարգելի խմբավարներ. Հայտարարում ենք << Երաժշտության գանձարան - Հայաստան>> խորագիրը կրող համահայկական երգչախմբային ձայնասկավառակի թողարկման մասին, որին մասնակցել կարող են երգչախմբեր՝ ինչպես Հայաստանում այպես և ՀՀ Սփյուռքում գործող մեր հայրենակիցները: ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆ Է, ՈՐՆ ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԵՐԻ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ: Գուցե հիշում եք, The Sound of Europe II միջազգային երգչախմբային CD նախագիծը (2015 թ.), որը ներառում է երգչախմբային երաժշտություն Լեհաստանի, Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բուլղարիայի եւ Հունգարիայի երգչախմբերի կատարմամբ: Մենք արդեն ունենք մասնակիցներ Հայաստանից, բայց նաև փնտրում ենք 4 երգչախմբեր Հայաստանի սահմաններից դուրս, ովքեր ցանկանում են մասնակցել այս նախագծին, որոնք փակ լսումների արդյունքում կընդգրկվեն հավաքածուի մեջ: Մենք սպասում ենք 2 Ձայնագրություններ արտերկրում գործող յուրաքանչյուր շահագրգիռ երգչախմբի կողմից՝ MP3 ֆորմատով մինչեւ 2016 թվականի դեկտեմբեր ամիսը: Ներկայացված նյութերը չեն վերադարձվում և օգտագործվելու են բացառապես ձայնասկավառակում ընդգրկվելու նպատակով: Ընտրությունն իրականացվելու է փակ լսումների միջոցով՝ հաշվի առնելով ձայնագրման որակը, կատարման ճշտգրտությունն ըստ հեղինակի նոտագրության. Լսումներն անցած ձայնագրությունները կընդգրկվեն ձայնասկավառակում. Ձայնասկավառակները ենթակա չեն վաճառքի և որևէ առևտրային նպատակ չեն հետապնդում: Բոլոր արտերկրից ընտրված երգչախմբերը ստիպված կլինեն կատարել վճար, որը կախված է ձայնասկավառակների առաքման քանակի ծախսերից: ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՄՐՑՈՒՅԹ ՝ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇԱՊԻԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԿԱՐ ԽՈՐԱԳՐՈՎ :

12418062_485686031614674_1526228721215974818_n.jpg

Կիրակնօրյա Երգչախումբ 2016

«Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից անվճար հիմունքներով իրականացվող «Կիրակնօրյա երգչախումբ» նախաձեռնությունն այս անգամ նվիրված էր մանուկներին: Ծաղկազարդի օրը՝ մարտի 20-ին Երանգ Արտ Ստուդիան հյուրընկալել էր Կիրակնօրյա Երգչախմբի մասնակից՝ շուրջ 40 երեխաների, ովքեր սպասումով և խանդավառությամբ լի մասնակցեցին երգչախմբային բաց դասին: Օրվա բանախոսն էր Աստվածաբան՝ Աշխեն Գրիգորյանը, որը գունավոր և վառ պատկերներով նկարագրեց Ծաղկազարդ տոնի նշանակությունն ու խորհուրդը, որին հաջորդեցին տոնին առնչվող մանկական երգերի ուսուցումը: Այս օրվա խմբավարներ էին Անի Նավասարդյանը («Խազեր» կամերային երգչախմբի խմբավար) և Մարիա Գալստյանը (Երևանի Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի խմբավար): Նշենք, որ առաջին «Կիրակնօրյա երգչախումբն» անցակցվել էր մարտի 6-ին, օրվա բանախոսն էր աստվածաբան, գիտությունների թեկնածու՝ Աշխեն Գրիգորյանը, խմբավար՝ Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի խմբավար՝ Մարիա Գալստյանը: Օրվա թեմա ընտրված էին Զատկի տոնն ու գեղջկական երգաստեղծությունը: Երկրորդ Կիրակնօրյա Երգչախումբը Հարության տոնի Ավագ Շաբաթվա՝ Ոտնլվայի շարականների ու Գանձերի թեմայով էր: Օրվա խմբավար՝ Շահե Քեշիշեանը մանրամասնորեն ներկայացրել էր Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու ամբողջ ընթացքի հոգևոր երաժշտական ստեղծագործությունների կարևորությունն ու նշանակությունը: Հիշեցնելով հավելենք, որ Կիրակնօրյա Երգչախմբերին ներկա են լինում ոչ միայն անվանի խմբավարներ ու երաժիշտներ, այլև գիտական ասպարեզի գործիչներ՝ ճարտարապետ, լեզվաբան, պատմաբան, գրականագետ, հոգեբան, աստղագետ, ինչպես նաև պատանիներ, որոնք մեծ սեր ունեն երգչախմբային արվեստի հանդեպ: Կիրակնօրյա երգչախմբերն անց են կացվում Երևան քաղաքի ժամանակակից արվեստի, հետաքրքիր ու ինտելեկտուալ ժամանցի կենտրոններում: Ծրագիրը շարունակական է, որտեղ կարող են ներկա լինել, բոլորը, թե՛ մասնագետներ, թե՛ հասարակ մարդիկ, ովքեր հետաքրքրված են երգչախմբային արվեստով: Ամեն հանդիպում ունենալու է իր թեման, ուսուցանվելու են երգեր և լինելու են քննարկումներ: Մուտքն ազատ է: Սկսել է հայ ժողովրդական և հոգևոր երգերով, բայց ծրագիրը ներառում է նաև արտասահմանյան և արևմտաեվրոպական մշակույթի երգչախմբային արվեստը ևս:

13096252_502983739884903_514424436859743707_n.jpg

Խաղաղություն Մոլորակին 2016

Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի և Խուրտովնիա (Chórtownia) հիմնադրամի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 29-ից Հայաստանում անցկացվում էր «Խաղաղություն Մոլորակին» (In Terra Pax) միջմշակութային երգչախմբային նախագիծը, որի հիմնական նպատակն է երաժշտության միջոցով տարբեր ազգերի միջև խաղաղություն տարածելը: Նախագծի մեկնարկին մասնակցեցին Լեհաստանի, Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի խմբավարներ և երգչախմբեր: Նշենք, որ միջազգային երգչախմբային նախագիծն իր մեջ ներառում է երգչախմբային համերգներ, տարբեր ազգային երաժշտության թեմաներով համատեղ բաց դասեր և խմբավարների ու երգչախմբի երգիչների միջև փորձերի փոխանակումներ: «Խաղաղություն Մոլորակին» (In Terra Pax) խորագրով համերգաշարի ընթացքում Մոլդովայից Հայաստան ժամանած «Ռապսոդիա» մանկապատանեկան երգչախմբի խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Նատալյա Բարաբանշիկովան, որն Իջևան քաղաքում անցկացրեց բաց դաս Տավուշի թեմի մանկական և երիտասարդական երգչախմբերի հետ, որոնց խմբավարն է Քրիստինե Շերոյանը, որից հետո՝ թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի աջակցությամբ, այցելություն ունեցավ Հաղարծինի վանական համալիր նաև Մոլդովական և լեհական ժողովրդական երաժշտության բաց դաս անցկացրեց «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» ՀԿ կողմից իրականացվող «Կիրակնօրյա Երգչախումբ» նախաձեռնության շրջանակներում: «Խաղաղություն Մոլորակին» նախագծի շրջանակներում՝ մայիսի 1-ին Ա. Խաչատրյանի տուն- թանգարանում համատեղ համերգով հանդես եկան «Խազեր» կամերային երգչախումբը (խմբավար՝ Անի Նավասարդյան), «Նարեկ» կամերային երգչախումբը (խմբավար՝ Նարինե Դավթյան) և Խ. Աբովյանի Պետական Մանկավարժական Համալսարանի «Ավե Մարիա» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Արտաշես Բաբուրյան): Նախագծի համահեղինակներ՝ «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» ՀԿ Նախագահ՝ Քրիստինե Շերոյանը և «Խուրտովնիա» հիմնադրամի նախագահ՝ Յուստինա Դյուման հանձնեցին միջազգային հավաստագրեր նախագծին մասնակցություն ունենալու համար:

11109525_1088582647822222_1498617126410982477_n.jpg

ACCA & SOURS Օգնիր ինձ երջանիկ մեծանալ 2015

Մայիսի 31-ին TUMO կենտրոնի այգում «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության աջակցությամբ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ «Հեծանիվ+» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրագործեցին «ՕԳՆԻՐ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ՄԵԾԱՆԱԼ» բարեգործական ծրագիրը` նվիրված մանուկների պաշտպանության օրվան ... Կիրակի օրը առավոտյան 10.30-ից շուրջ 70 հաշմանդամություն ունեցող երեխա իրենց ընտանիքների հետ իասին և աջակից հեծանվային ու երաժշտական խմբերի մեծ թիմի հետ, ինչպես նաև այլ հյուրեր ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ հավաքվել էին Թումանյանի այգում: Հեծանվորդները նախ երեխաներին օգնեցին իրենց անվասայլակները փոխարինել հեծանիվներով ու շրջել այգում, ապա Երևան-Էջմիածին-Երևան երթուղով հեծանվարշավ-դրամահավաք ակցիա իրականացրին՝ բարձրաձայնելով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին: Այգում երեխաներին սպասում էր տարբեր գործիքային և վոկալ անսամբլների կողմից պատրաստած անակնկալ-համերգը, որին մասնակցում էին «Հայաստանի Ամենափոքրիկ Երգիչներ» երգչախմբը, Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի վոկալ բաժնի սաները (ղեկավար՝ Սուսաննա Բաղդասարյան) և Կ. Սարաջևի անվան երաժշտական դպրոցի «Հեքիաթներ» պարային համույթը (ղեկավար՝ Սոֆյա Պողոսյան ), որոնք պայծառ արևի շողերի պես ջերմացրեցին մեր կրտսեր հրաշամանուկներին, պարգևելով մի կաթիլ բարություն և անկեղծ ու անսահման ջերմ ժպիտներ... Մեր բոլորիս պարտքն է խնամել և հոգատարությամբ պարուրել նրանց, ովքեր ունեն մեր կարիքը.... Երախտապարտ ենք բոլոր-բոլոր մեր բարերար - աջակիցներից: Թող որ բոլոր երեխաները լինեն միշտ սիրված, երջանիկ ու պաշտպանված:

10409082_390505587799386_1324403898800794176_n.jpg

Հայաստան, իմ աշխարհ մարզային երգչախմբային փառատոն 2015

Մարզերում մշակույթն ապրու՛մ է... Ապրու՛մ է նոր կյանք.. Նոր և գեղեցիկ՝ հագեցած մանուկների ջերմ ու ազնիվ երգ ու պարով... Մայիսի 27-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության Հռչակման տոնին ընդառաջ, Կայացավ «Հայաստան, իմ աշխարհ» առաջին մարզային մանկապատանեկան երգչախմբային փառատոնը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, որը կազմակերպել էին «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը: Փառատոնը կոչված է կրտսեր սերնդի միասնական երգերով քաջալերելու թուրք ոճրագործի ահեղ թրից փրկված ու հայոց կոտորածին դիմագրաված մեր հայրենակիցներին, որոնք այսօր բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և ապացուցելու, որ, չնայած բազում հալածանքների, հայ ազգը ապրում ու արարում է իր հողում: Փառատոնին իրենց մասնակցությունն են ցուցաբերել Գեղարքունիք մարզի մանկական երգչախմբեր, ինչպես նաև ազգագրական մանկական պարային և նվագախմբային համույթներ, որոնք թվով 25-ն էին: Փառատոնն անցկացվեց Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի մշակույթի տան մեծ դահլիճում, որտեղ միախառնվել էին հրաշամանուկների երգչախմբային, պարային, փողային և ազգագրական նվագարանների մանկապատանեկան համույթների խանդավառ կատարումները, որով իրապես ապացուցեցին, որ հայը հոգով է ուժեղ... Ուժեղ է, և, ծնված օրվանից պատրաստ է պայքարելու իր կյանքի, իր հողի և իր մշակույթի համար: Հիացած ենք, այդքան տաղանդավոր մանուկներ տեսնելով մեկ բեմում, որով կարող ենք համարել, որ մեր մշակույթի ապագան վստահելի ձեռքերում է... «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ` ՀԵԴԱ փոխնախագահ, դիրիժոր՝ Հասմիկ Վարդանյանը, ՀԵԴԱ անդամ, Կ. Սարաջևի անվ. երաժշտական դպրոցի երգչախմբի դիրիժոր՝ Անահիտ Սարգսյանը, ՀԵԴԱ անդամ՝ Զարուհի Բաղդասարյանը, ՀԵԴԱ համահիմնադիր, Խորհրդի անդամ և գործադիր տնօրեն, դիրիժոր՝ Քրիստինե Շերոյանը հանձնեցին բոլոր մասնակից երաժշտական և արվեստի դպրոցներին պատվոգրեր՝ մարզային մանկապատանեկան երգչախմբային փառատոնին մասնակցելու համար: Շնորհակալ ենք ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներից, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից և բոլոր երաժշտական և արվեստի դպրոցների աշխատակիցներից կատարած հսկայական աշխատանքի համար: Ձեր աջակցության շնորհիվ է ապրում մարզային մշակութային կյանքը:

10801737_333438226839456_7224855476059463964_n.jpg

ACCA & SOURS 2014

Երբեմն շատ պատահական հանդիպումներն են ծնում մեծ գաղափարներ... Պատահական չէր նաև այն օրը, երբ հանդիպեցինք մեծ հոգևորականին՝ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին, որի հորդորով իրականություն դարձավ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի երկար ժամանակ փափագած "Հայ Հոգևոր Երգի Մարզային Առաջին Փառատոնը": Այսօր ևս Սուրբ Ծննդյան տոնի շեմին այցելություն ունեցանք մի վայր, որտեղ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիան իր երաժշտական ելույթներով ջերմացրեց ոչ միայն մանուկների սրտերն ու հոգիները ձմռան այս ցուրտ օրը, այլև նրանց մայրերի: Մայրեր, որոնք ապրում են ոչ սովորական կյանք: Մայրեր, որոնցով միայն կարելի է հիանալ: Բոլորիս պարտքն է անել հնարավորն ու անհնարը, գեթ մեկ րոպե ժպիտ և ջերմություն պարգևել նրանց ու սատար լինել նրանց ցանկացած պահի: Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի աջակցությամբ, "ՍՈՐՍ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի" հետ բարեգործական այց կատարեցինք "Արմենակ և Աննա Թադէոսեանների" բժշկական կենտրոն: Բարեգործական նախատոնական այցին իրենց մասնակցությամբ հանդես եկան Ասոցիացիայի անդամներ՝ Մամիկոն Անդրեասյանը (Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց: Կատարելով Մ. Անդրեասյանի հեղինակած "Իմ հեքիաթ" ստեղծագործությունը), Հասմիկ Ջուլֆալակյանը (ՀԵԴԱ Փոխնախագահ և Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոց: Մեներգիչուհիներ՝ Լիլիթ Գևորգյանը, Քնարիկ Առաքելյանը, Սուսաննա Արմաղանյանը), Անահիտ Սարգսյանը (Կ. Սարաջևի անվան երաժշտական դպրոց Կատարեցին Ստ. Բաբաթորոսյան - "Ծաղրածուն և ծաղրաձուն" և "А может быть ворона"): Երգչախմբի սաները երեխաների համար կարդացին նաև մի քանի հանելուկներ: Այս անգամ մեզ միացել էին նաև պարային խմբեր: Մեծ խանդավառություն պարգևեց փոքրիկներին "Հեքիաթ" պարային անսամբլը և "Տիկնիկներ" պարային համույթը՝ Գեղարվեստական ղեկավար Սոֆյա Պողոսյանի ղեկավարությամբ: "Հեքիաթ" պարային անսամբլից ներկայացրեցին մենապարեր՝ Լիանա Սիմոնյանը (Մոխրոտ) և Սոնա Մարկոսյանը (Ջայֆ), իսկ "Տիկնիկներ" պարային համույթից Սյուզաննա Շիրինյանը (Փերի Դրաժե) և Իռեն Մարգարյանը (Ղարաբաղ) պարերով: - "..Թող բարության և ջերմության լույսը երբեք չմարի մեր սրտերում ու հոգիներում: Ուժ և կարողություն մեր բոլոր մայրերին, որ մշտապես պայքարում են իրենց զավակների կյանքի և բարօրության համար..."- Գայանե Բաղդասարյան (ՀԵԴԱ նախագահ) Եվ իրո՛ք: Բարին ընդ ձե՛զ, մեր սիրելի մայրեր: Երախտապարտ ենք, այս առաքելությունը մեզ հետ միասին իրագործեցելու և շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին կատարած ներդրման համար: Armenian Choral Conductors' Association - ACCA Ջերմորեն՝ Քրիստինե Շերոյան Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի տնօրեն 29.12.2014թ.

10456418_310483475801598_6100929305100872707_n.jpg

Երգչախմբի Միջազգային Օր 2015

Սիրով տեղեկացնում ենք , որ "Երգչախմբային արվեստի միջազգային օրվան" նվիրված համերգն այս տարի կայանալու է սույն թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Ձեր երգչախմբերի մասնակցությունը կգեղեցկացնի համերգային ծրագիրը: Ուրախ կլինենք հնարավորինս շատ երգչախմբերի մասնակցությանն իրենց մասնագիտական տոնին: Հարգանքներով՝ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա Armenian Choral Conductors' Association - ACCA

10511209_298409310342348_4142225524614604628_n.jpg

Հայ հոգևոր երգի մարզային I փառատոն 2014

Ուրախ էինք գտնվելու հանրապետության գողտրիկ վայրերից մեկում, որտեղ մեր առջև իր դռներն էր բացել Հառիճի վանական համալիրը և այսօր պատիվ ունեցանք անցկացնելու ՀՀ Շիրակի մարզպետարանի, <<Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա>> / Armenian Choral Conductors' Association հասարակական կազմակերպության և <<Արվեստը Հանուն Խաղաղության>> / NGO Art For Peace հասարակական կազմակերպության հետ համատեղ Հայ Հոգևոր Երգերի Մարզային Առաջին Փառատոնը Շիրակի մարզում: Փառատոնը անց էր կացվում եղեռնի զոհերի 100ամյա տարելիցին ընդառաջ և նվիրվում էր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145 ամյակին ու եղեռնի անմեղ զոհերի անմար հիշատակին: Փառատոնն անց էր կացվում մի վայրում, որը խորհրդանշական էր Կոմիտասի համար: Շատ հուշեր ունի կապված վանքի հետ, որտեղ երկար ժամանակ ապրել, ստեղծագործել է և համերգային գործունեություն ծավալել: Հայ Հոգևոր Երգերի Մարզային Առաջին Փառատոնին մասնակցեցին. Գյումրու Ն. Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի, Գյումրու Շիշյանի անվան երաժշտական դպրոցի, Գյումրու Աշոտ Բրուտյանի անվան երաժշտական դպրոցի, Գյումրու Շերամի անվան երաժշտական դպրոցի, Գյումրու <<Օկտավա>> երաժշտական դպրոցի, Գյումրու թիվ 20 դպրոցի, Գյումրու <<Իմպրոռիթմ>> վարժարանի, Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի, Ախուրյանի <<Ֆերմատա>> արվեստի դպրոցի, Ազատանի արվեստի դպրոցի, Ամասիայի արվեստի դպրոցի մանկական երգչախմբերը, ինչպես նաև Արթիկի թեմի <<Սաղմոս>> երգչախումբը և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ: Փառատոնի բացման արարողությունը ընձեռնվեց Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանին, որից հետո հայ հոգևոր երաժշտության և Կոմիտաս վարդապետի մասին ներածական խոսքով հանդես եկավ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի Փոխնախագահ և երաժշտագետ Հասմիկ Վարդանյանը Hasmik Vardanyan : Փառատոնի 11 երգչախմբերի միասնական կատարումները ղեկավարում էր <<Փարոս>> և <<Հավատամք>> երգչախմբերի գլխավոր դիրիժոր և Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի Խորհրդի Անդամ Րաֆֆի Միքայելյանը / Raffi Mikaelian : Փառատոնին փակման և շնորհավորական խոսքով հանդես եկավ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի հիմնադիր անդամ և <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>> Armenian Little Singers "als" երգչախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Բոլոր մասնակիցներին պատվոգրեր և հուշանվերներ շնորհեցին Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի նախագահ Գայանե Բաղդասարյանը Gayane Baghdasaryan և Արվեստը Հանուն Խաղաղության հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Մարգարյանը: Հայ Հոգևոր Երգերի Մարզային Փառատոնն անց էր կացվում առաջին անգամ, միտում ունենալով վերածվելու հանրապետական ամենամյա կայանալիք փառատոնի: Թող, որ Հայ Հոգևոր Երգերի Փառատոնը Հայաստանի Հանրապետության հոգևոր կյանքի երաժշտական զարթոնքի նոր փուլի սկիզբ դառնա: Հաջողություն մեր բոլոր մասնակիցներին: 19.10.2014թ. Շիրակ

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×